GEO | ARM | ENG | RUS
Հայաստանը հիշում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերին

 Քսանչորս տարի առաջ` 1988թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից:  Հզոր ստորերկրյա ցնցումները կես րոպեի ընթացքում ավերեցին հանրապետության հյուսիսային մասը`1 մլն բնակչությամբ: Երկրաշարժի էպիկենտրոնում` Սպիտակում, ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել էր 10 բալ (12 բալանոց սանդղակում): Ցնցումները գրանցվել էին նաեւ Երեւանում եւ Թբիլիսում:

Մասնագետների հաշվարկներով` երկրաշարժի ժամանակ երկրակեղեւի ճեղքման գոտում արտանետված էներգիայի հզորությունը համարժեք էր 1945 թ. Հիրոսիմայի վրա նետված ռումբի նման տասը ատոմային ռումբերի պայթյունի ուժգնությանը: Երկրաշարժի առաջացրած ալիքը գրանցվել էր Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի եւ Ավստրալիայի լաբորատորիաներում:

Պաշտոնական տվյալներով` զոհվել էր ավելի քան 25 հազ. մարդ, 19 հազարը դարձել էր հաշմանդամ, 530 000 բնակիչ անօթեւան էր մնացել:

Երկրաշարժի արդյունքում հիմնավորապես ավերվել էր Սպիտակ քաղաքը: Ավերվել էին 21 քաղաք եւ ավան, 324 գյուղ, ոչնչացվել էր  Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի` Լենինականի (ներկայիս Գյումրի) բնակարանային, սոցիալական եւ արտադրական ֆոնդի 80%-ը:  Ավերածություններ էին տեղի ունեցել նաեւ հանրապետության երրորդ քաղաքում` Կիրովականում (ներկայիս Վանաձոր): Երկրաշարժը շարքից հանել էր հանրապետության արդյունաբերական պոտենցիալի մոտ 40%-ը:

Այդ ժամանակ Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին ողջ Խորհրդային Միությունն ու աշխարհը:

News.am

Back  
Գլխավոր էջ | հայոց ցեղասպանություն | Օգտակար նյութեր | ֆորում | լուսանկարներ | Միջոցառումներ | կապեր

© All rights reserved